Հրաչյա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Հարություն Հովնաթանի «Խոսում-խոսեցնում է Համո Սահյանը» բազմախոսուն գիրքը։
Անկեղծ ասած` վերջին (՞) էս անտեր տարի-ժամանակներում շատ եմ մտատանջվում, թե, ի վերջո, ո՞վ է մեր տիրակալը։ Աստծուն թողնենք իր տեղը` իր Աստծու գործին, որովհետև մենակ մնացած Աստծով բան դուրս չի գա, էնպես չի լինի, ինչպես ուզում ենք։ Մեր մեծագույն տիրակալը, ասում ու հավատացնում ենք ինքներս մեզ, եղել ու, փառք Աստծո, մնում է սուրբ Մեսրոպ Մաշտոցը` հայոց հզոր գրատիրակալը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի զավակները նրանք են, ովքեր ունեն բանավոր ու գրավոր արժեքավոր խոսք, հայրենիքի պաշտպան են, պատմություն կերտող են։ Բանաստեղծները, հենց ինքը` Մաշտոցը, գրակալներ են։ Նարեկացին գրակալ է։ Մեր պատմիչները, հենց Հայոց պատմությունը ասացողները գրակալներ են։ Ճարտարապետությունը մի ազնիվ, քարագիր գրակալություն է։ Եվ այսօր, ավելի քան երբևէ, տեր է հարկավոր մեր գրին ու բոլոր նրանց, ովքեր իրենց սրտի զարկով հայերենի մեջ են։ Ասել եմ` թվում է, թե մեր ժողովուրդը ծնվել է Հովհաննես Թումանյանից, ու Թումանյանն է մեր ժողովրդի տերը։ Էն օրն ենք ընկել, որ անգամ Թումանյանն այսօր տիրոջ պահանջ ունի։ Երգիչն է ասել` հիմա ուրիշ են տերերը։ Տիրոջ պահանջ ունեն ոչ միայն մեր դասական գրողները։ Բանաստեղծն իր Բանով տեր է դառնում իր ժողովրդին։ Ասում ենք բարերար, բարեգործ, բարերարություն։ Լավ գրողը, լավ բանաստեղծը, լավ արվեստագետը, հենց լավ արհեստավորը, հողագործը, շինարարը, գիտնականը երկրի, ժողովրդի բարերարներն են։ Լեզվի կանաչ-կարմիրը փնջել տաղով, բանաստեղծությամբ ու նվիրել քո ժամանակին` դրանից ավելի մեծ նվեր ժողովրդին, երևի, չկա։ Դա սքանչելի, աստվածատուր բարեգործություն է։ Սքանչացում է, երբ քո բանաստեղծությունը ժամանակների գույների միջով գալիս ու գալիս է, և դու ոչ միայն հիացողն ես դառնում, այլև կարողանում ես քո երգի առվակը խառնել հայոց հորդուն պոեզիայի ակունքին։ Բարեգործն այսօր ինձ համար Համո Սահյանն է, ով կարողացավ 20-րդ դժվար դարի միտքը կապել հայոց միջնադարի, մեր ակունքների տաղերի, բանաստեղծության հետ։ Կարող ես և՛ Քուչակ ասել, և՛ Նաղաշ ասել, և՛ Սայաթ-Նովա ասել, և՛ ասել Համո Սահյան... Համո Սահյանն իր լեզվի պահածն է, իր լեզվի ծաղկածը։ Նա իր ածուն է, իր սարերի կանչախաղը։ Մարդ էր, աշխարհ էր եկել, աշխարհին ասելու բան ուներ։ Եվ ասաց։ Էն էլ ինչպե՜ս... ՈՒ դեռ երկար է ասելու։ Երանի՜ նրանց, ովքեր վայելել են, երանի՜ նրանց, ովքեր նոր են վայելելու։
Որ չխեղճանա բանաստեղծի բառը, չգունատվի լեզուն, ոգին արթուն մնա ու երակը հաշտ լինի արյան հետ, «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը բարեգործեց` կարողացավ ոչուփուչ մերոնց` իբր մերոնք կոչվածների խարդախ ձեռքով դժնի դարձած մեր օրերում տիրակալ դառնալ Համո ոսկեբերան Սահյանին ու նույն ազնիվ տերը մնաց նաև բանաստեղծի անմահանալուց հետո։ Մինչև այսօր։ Զարմանալի ազնիվ, իմաստուն բանաստեղծին բաժին է ընկել մի նվիրյալ, որը լցված է Սիսիան աշխարհի բառուբանով, եզերքի անանց սիրով, լինելով խմբագիր ու շրջկոմի առաջին քարտուղար, ահռելի գործ է արել մշակութային կյանքում։ ՈՒ, ասես ինքն իրենից թաքուն, հոգում տեղ է արել Համո Սահյանի համար։ Ա՜յ սեր, ա՜յ նվիրում։ Այդ իմաստով երջանիկ բանաստեղծ է Համո Սահյանը։ Ընթերցողները` ընտիր, իր մասին տասնամյակներ ի վեր գրողները` ընտիր, ասմունքողները` ընտիր, իր խոսքերով գրված երգերի կատարողները` ընտիր։ Աչք ածենք Շչորս Դավթյանի ձեռամբ լույս աշխարհ եկած սահյանական քարեղեն-ակնեղեն-ոգեղեն-ա՜յ քեզ հայերեն բանաստեղծությունների գրքերին և մենք մեր մեջ ուռճանանք ու ձայնենք` ահա բանաստե՛ղծը, ահա քո՛ Հայաստանը, ահա քո՛ մայրենին, ահա քո՛ աղոթատունը։ Նորից նայիր բանաստեղծին վայել հրատարակված գրքերը, քեզնից անկախ կանգ առ սահյանական ընտիր հանրագիտարանի վրա ու, եթե կարող ես, մի՛ նախանձիր ու մի՛ ասա` խաչը տերն է զորացնում։ Համո Սահյանը ինքն իր խաչն է, ինքն իր տերն է ու զորացնողը։
Համո Սահյանից ոչնչով պակաս չէ Վահագն Դավթյանը։ Բայց ինչո՞ւ չի հայտնվում նրա բարերարը` հրատարակչից մինչև... Այսօր դասական ու ժամանակակից քիչ գրողներ չունենք, որ կարոտ են բարերարի, նվիրյալների։ Մի նվիրյալ Մարգարիտ Խաչատրյան` երկար տքնանքից հետո, նոր Համաստեղ ու նոր Արամ Հայկազ է նվիրում ընթերցողին։ Հենց Մեսրոպ Աշճյան է նվիրում։ Հարցնենք ինքներս մեզ` ի՞նչ է արվել Համո Սահյանի մահից հետո հենց Սահյանի ավելի ճանաչման համար, ասել է՝ հենց ժողովրդի համար, և ի՞նչ է արվել Վահագն Դավթյանի համար, ասել է՝ ժողովրդի համար։ Միայն հրատարակելը դեռ քիչ է մեր մեծերին ներկայացնելու համար։ Եվ դեռ քիչ է Վլադիմիր Աբաջյանի, Սիլվա Յուզբաշյանի ասմունքը։ Մեծերին մոտենալու, նրանց գործերին մերձենալու ուղիներ են հարկավոր։ Թեև մոռացության անդունդը հեշտ է կլլում նաև հանճարներին։ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակ ենք նշում` պարզերեսված ավելի շատ Շչորս Դավթյանի տասնամյակների նվիրումով։ Ինը տարի հետո, իհարկե, հայ ժողովուրդը կնշի Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը։ Աստված գիտի, թե ինչպես։ Վաղվա օրը թող մնա վաղվան, այսօր տեր լինենք մեզ ընծայված պահին` սահյանական պահին։ Դու ես ու Սահյանը, ասել է` Սահյանի գրքերը` բանաստեղծի արած-դրած-թողածով։ Սահյանի մասին տասնյակ տարիներ գրում են ու գրում։ Առաջին հարյուրամյակին կհաջորդեն նոր տասնամյակներ ու հարյուրամյակներ, ու էլի ամեն մեկը կհայտնաբերի իր Սահյանին։ Այսօր ցանկանում եմ երախտիքի խոսք ասել ոչ միայն նվիրական սահյանագետ Շչորս Դավթյանի, հրաշալի ասմունքող Սիլվա Յուզբաշյանի, այլև բարերար Հարություն Հովնաթանի մասին, որը, լինելով միշտ ուղեկցող կարիքի մեջ, հարուստ գիրք է գրել` նվիրված Սահյանին, ավելի ճիշտ` նորոգել, հարստացրել է իր հարցահունձ գիրքը` վայել բանաստեղծի մեծությանը։ Գիտենք, որ Հարություն Հովնաթանը նախ և առաջ բանաստեղծ է, լրագրող, թարգմանիչ։ Բայց նրա մոտ, ինչպես ասում են, լավ է ստացվում հարցազրույցի գրքային... վար ու ցանքը։ Պարզապես նա շատ է նման երկրաբանին, որը շնչառությամբ է զգում, թե երկրի կեղևի որ հատվածում է թաքնված գանձը, այսինքն` հանքը ինչ գանձեր ունի։ Եվ հանքագործ է դառնում Հարությունը` պեղելով բանաստեղծի ու նրա ցավի, հավատի, սիրո, նվիրումի հոգեէությունը։ ՈՒ ի՜նչ գանձեր է գտնում։ Մի բան կասեմ` երանի նրան, ով դեռ չի կարդացել Հովնաթանի գիրքը` խորունկ և իմաստասեր հանդիպում Համո Սահյանի հետ։ Իհարկե, էնքան պարզ ու վճիտ է փիլիսոփա, սարաքարադարալեզվակերտ բանաստեղծը, որ ոչ մի միջնորդի կարիք չունի, բայց Հարությունի գիրքը մի ուրիշ սար է նկարում, մի ուրիշ Հայաստան է նկարում հենց Սահյանի լեզվահողի ու լեզվահավատի շերտերի վրա։ Իշխանասարը, Գյազբելը հենց Սահյան են, Որոտանը հենց Սահյան է։ Բանաստեղծ-հետազոտող-հետաքննիչ Հարություն Հովնաթանը կարողացել է մտնել մեծ բանաստեղծի, հայրենասերի, քնարերգուի մթնդած ծալքերի, թվում է` դատարկված երակների մեջ, բայց ի՜նչ լուսածիր գանձեր է պեղել։ Մեր մեծերի մասին տասնյակ ու տասնյակ տառապաբաղձ գրքեր են գրվել։ Էդ լուսագիր գրքերի մոտ էսօր հպարտությամբ պետք է դնենք Հարություն Հովնաթանի սահյանախորք գիրքը, որը քիչ է ասել, թե արժանի տուրք է մեր տանջահար ու հավատավոր ժողովրդի, մեր վերջին շնչի հողի բանաստեղծին։ Հենց դրանով է Հարությունը դառնում բարերար։ Ինչպե՞ս են ընդերքից հարուստ հանքանյութ կորզում։ Հարությունը ագահորեն կորզել է, կորզե՜լ է, բայց Համո Սահյանն էն գանձարանն է, որին ինչքան էլ կողոպտես-կորզես, նա անսպառ է, նա երբեք էլ լռած զանգ չէ և ավերակ վանք չէ ու միշտ պիտի իր աղոթողն ունենա։ Նա հայոց ինքնության բանագանձն է...
Անարժանիս խոսքը չեմ ուզում զարդարել ու ինձ փրկել սահյանական երգերի արևումներով, բայց չեմ կարող մատներս ծալելով չհիշել հարյուրավորներից մի քանիսին, որոնք քայլել են ու շնչել Սահյանի հետ։ Ես տեսնում եմ Վահագն Դավթյանին, Շչորս Դավթյանին, Հրանտ Մաթևոսյանին, Ֆելիքս Մելոյանին, Ռուբեն Հովսեփյանին, Վահրամ Հաճյանին, Հովհաննես Այվազյանին, Տիգրան Մանսուրյանին, Գետիկ Բաղդասարյանին, Ժենյա Ավետիսյանին, ինչո՞ւ չհիշեմ Սիլվա Յուզբաշյանին, հենց Վլադիմիր Աբաջյանին, հենց Ալեքսան Կիրակոսյանին, Վլադիմիր Մովսիսյանին, Ռազմիկ Դավոյանին, Հրանտ Թամրազյանին, Սիլվա Կապուտիկյանին, Սվետլանա Խանումյանին, Արևշատ Ավագյանին, Պողոս Սրապյանին, Սասուն Պասկևիչյանին... Շնորհակալություն ձեզ, Լոր ու լորեցիներ, Գյազբել ու Իշխանասար, Որոտան ու Սիսիան, Զանգեզուրի լեռներ ու ձորեր, բարբառ ու նախնյաց ձայներ, քարափներ ու մամուռներ, ամպեր ու սերեր, Համո Սահյան ծնելու ու նրա տքնանքը, նրա չափաբերականը հայոց տիրակալ-գրակալին նվիրելու համար։ Էս փոքրիկ Լոր գյուղը մեծանում, աշխարհի չափ է դառնում, երբ հիշում ես, որ այստեղ է ծնվել ու էստեղ է ապրում Համո ոսկեբերան Սահյանը, որն ասում է` աշխարհն իմ տունն է։
Հ. Գ.- Ես դիտավորյալ խոսքս չհամեմեցի, ոչ մի քաղում չարեցի Հարություն Հովնաթանի «Խոսում-խոսեցնում է Համո Սահյանը» մտքալեցուն էջերից։ Ծովածավալ մտքեր։ Հաճախ թվում է, թե այդ միտք-խոսքերը ասվել են անտիկ ժամանակներում, ասել են հույն փիլիսոփաները, հայ իմաստասերները, մեր ռանչպարները։ Բայց պիտի չզարմանանք, որ մեր հոգին տակնուվրա անող, մեզ շոյող, ուշքի բերող խոսքերի հեղինակը իր լեռնաշխարհը, նրա մարդկանց, բնությունը հրաշալի իմացող մի հայ մարդ է, Լոր փոքրիկ գյուղում ծնված բանաստեղծ-բնապահ-լեզվագետ Համո Սահյանը։ Այդ հաճույքը թողնում եմ երախտագետ ընթերցողին։ Դա պետք է ոչ թե բանաստեղծին, այլ մեզ` բոլորիս, որ ավելի լավ ճանաչենք մեր ժողովրդին, մեր հողն ու ջուրը, մեր արյունն ու լեզուն, մեր բարեկամին ու թշնամուն, մեր կորուսյալն ու ձեռից գնացածը ու հավա՜տը, հավատը` գարունդ հայերեն է գալու։ Հայերեն են գալու դարերդ։ Դրանից հետո մեր երկրի, մեր հոգու, մեր ժողովրդի տեր ու տիրակալ կընտրենք մեր տիրակալ ճորտին` Համո ոսկեբերան Սահյանին։